Նախկին ԽՍՀՄ չճանաչված պետությունների համեմատ (Մերձդնեստր, Հարավային Օսիա, Աբխազիա) Լեռնային Ղարաբաղը պատերազմ է հաղթել, ունի սահմանադրություն, կատարում է իշխանության ռոտացիա, կա ընդդիմություն, որը  այդքան էլ  զարգացած չէ, սակայն ցույց է տալիս ծավալվելու միտում: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն,քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով սեպտեմբերի 2-ին նշվող Լեռնային Ղարաբաղի անկախության 21-ամյակի շուրջ:

Նրա խոսքով, ԼՂՀ-ում արդեն տեղի են ունեցել 3 նախագահական ընտրություններ,որոնք մեծ կարեւորություն ունեն երկրի կայացման գործում: Ա.Իսկանդարյանը նշեց, որ  պետք է շարունակել կառուցել երկիրն իր բոլոր ոլորտներով, գլխավորը երկրի կայացումն ու գործումն է: «Պետք չէ մոռանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման  կարեւորության մասին, ինչը մեծ նշանակություն ունի արդեն ունեցած ձեռքբերումների  պահպանման եւ նոր նվաճումների համար»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ Ա. Իսկանդարյանի` ԼՂՀ-ի առջեւ ծառացած հիմնական խնդիրները 3-ն են.

ա. Քաղաքների, գյուղերի եւ ճանապարհների կառուցումը, ենթակառուցվածքների զարգացումը.

բ. Դեմոգրաֆիկ խնդիրների լուծումը.

գ. Քաղաքական համակարգի ձեւավորումը:

«Առանց տնտեսության զարգացման անհնար է քաղաքական համակարգի զարգացումը:Այս բնույթի խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են»,-նշեց քաղաքագետը:  Ամփոփելով ասվածը` Ալեքսանդր Իսկանդարյանը, նշեց, որ անգլոսաքսոնական երկրներում 21 տարեկանը լրիվ չափահասության տարիք է: