Հայաստանի բողոքը ` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փախանցելու կապակցությամբ, որտեղ նա ներման է արժանացել, պետք է ուղղված լինի ոչ թե Բուդապեշտին, այլ Բրյուսելին, քանի որ Հունգարիան Եվրոպական միության անդամ է հանդիսանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի  աշխատակից Ալեքսանդր Սկակովը:

Այս դեպքում, քաղաքագետի խոսքով, Բրյուսելը պետք է որոշ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Հունգարիան իր արարքի համար  ներողություն խնդրի: «Երեւանի եւ Բուդապեշտի միջեւ երկխոսությունը անիմաստ է, այս դեպքում երկխոսություն պետք է ընթանա Երեւանի եւ Բրյուսելի միջեւ»: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա այս դեպքը ղարաբաղյան հարցի  կարգավորման վրա` Սկակովը նշել է, որ ներկայումս ղարաբաղյան հարցը այնպիսի փակուղու առջեւ է հայտնվել, որ անգամ նման դեպքը չի կարող լրջորեն ազդել նրա վրա:«Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը այն աստիճան անհույս է, որ ավելի լավ է  մտածել, թե ինչպես կանդրադառնա այս դեպքը Երեւանի եւ Եվրամիության վրա ընդհանուր առմամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: