Հայաստանը պետք է դիմի միջազգային իրավունքի օգնությանը` Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին  Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված, որտեղ նրան ներում է  շնորհվել: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը:

Տվյալ իրավիճակում ակնհայտ է, որ Հունգարիան, ելնելով քաղաքական եւ տնտեսական նկատառումներից,  գործարքի է գնացել Ադրբեջանի հետ, քանի որ կոմերցիոն հիմքն ակնհայտ է: Ադրբեջանի գնահատականով`Հունգարիայի կառավարությանը դա չի կարող ներվել, հատկապես որ հայ համայնքի աջակցությամբ աշխարհի տարբեր երկրներում այդ հարցը կարող է մեծ հրապարակայնություն ստանալ եւ  հետեւանքներ ունենալ Հունգարիայի քաղաքական գործիչների համար:

Արեշեւի կարծիքով` այս միջադեպը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Մարդասպանի ներումը եւս մեկ անգամ վկայում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել իր հակահայկական քաղաքական կուրսից, եւ հետեւողական կլինի իր գործողություններում: Շատ կարեւոր է, որ այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես արեց ԱՄՆ-ն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: