Հունգարիայի նախկին վարչապետ եւ ներկայումս խորհրդարանի անդամ Ֆերենց Գյուրչանին (Ferenc Gyurcsany) այսօր` սեպտեմբերի 1-ին քննադատել է Սաֆարովի տեղափոխման կապակցությամբ հունգարական իշխանությունների որոշումը եւ հայտարարել, որ Ազգային Ժողովի առաջին նստաշրջանին (սեպտեմբերի երկրորդ աշխատանային շաբաթ) բացատրություն է պահանջելու կառավարությունից` ադրբեջանցի մարդասպանի մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

Հունգարական իշխանություններին դատապարտող հայտարարություն է արել նաեւ Դորոգ քաղաքի քաղաքապետ Յանոշ Տիտտմանը (Janos Tittman): Հանքափորների օրվան նվիրված տոնակատարության միջոցառման ժամանակ նա խիստ քննադատել է Հունգարիայի կառավարության որոշումը: Տիտտմանը հայտարարել է, որ հունգարական կառավարությունը պետք է գիտակցեր, որ Սաֆարովը կարող էր միանգամից ազատ արձակվել, եւ որ նման մարդասպանին հետ վերադարձնելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հունգարիայի համար: Հետագայում նա կապվել է Դորոգ քաղաքի Հայ ինքնավարության ղեկավար Պիրոշկա Ջոտյանի հետ եւ իր ափսոսանք է հայտնել հունգարական կառավարության կողմից կատարած քայլերի համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: