Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն արդարացնելու Բաքվի փորձերը Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը:  Նման  հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագրի` Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանության մասին  «Արմենպրես»-ի հարցին:

«Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն»,-ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ Ադրբեջանի ճիգերը` ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան «արժեհամակարգին», դատապարտված են: «Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ»,-ասել է Շ. Քոչարյանը: