Ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը կարծում է, որ Սաֆարովի արտահանձնումն ու ներման շնորհումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է: «Analitika.at.ua»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ համամարդակային արժեքները փոխարինվել են խոշոր գումարով:
«Դժվար է հավատալ Սաֆարովի արտահանձման եւ Ադրբեջանի կողմից 3 մլրդ եվրոյով փոխառությունները գնելու զուգադիպությանը: Իհարկե, Հունգարիան իրավունք ունի լուծել իր տնտեսական խնդիրները` օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները, սակայն ոչ նման ցինիկ կերպով»,-հայտարարել է նա:
Սմիրնովը նաեւ հասկանալի եւ օրինաչափ է համարում պաշտոնական Երեւանի արձագանքը. «Այս կապակցությամբ դժվար է կանխատեսել տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, սակայն հստակ է մեկ բան. Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման, եւ ոչ մի դրական փոփոխություն ղարաբաղյան կարգավորման հարցում պետք չէ սպասել»,-նշեց քաղաքագետը:




























