Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական միությունը բողոքի նամակ է ուղարկել Բելգիայի Թագավորությունում Հունգարիայի դեսպանին`մտահագություն հայտնելով Հունգարիայի քայլի առնչությամբ:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Զայրույթով ականատես եղանք Եվրոպայի նորագույն պատմության մեջ ամենաամոթալի իրադարձությանը: Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:
Կենտրոնական Եվրոպայում գտնվող պետության կառավարությունը հստակ հասկացնել տվեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ Հունգարիան որդեգրել է հանցագործության անպատժելիության քաղաքականություն և իր վարած քաղաքականությամբ հավասարվել մարմնավաճառի մակարդակին:
Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը հստակ կայացած պրակտիկա ունի, որի համաձայն համաներումները, որոնք կիրառվում են սպանության դեպքերի համատեքստում և հանգեցնում են անպատժելիության, որակվում են որպես պետության կողմից կյանքի իրավունքի ոտնահարում։
Հստակ է, որ սպանությունը կատարվել էր ազգային հողի վրա: Դատաքննության ընթացքում հստակ հաստատվեց այն փաստը, որ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել էր միայն այն բանի համար, որ վերջինս հայ էր: Ուստի այդ ոճրագործությունը ուղղված էր ոչ թե միայն Գուրգեն Մարգարյանի, այլ ամբողջ մարդկության դեմ:
Մեր խորին մտահագությունն ենք հայտնում Հունգարիայի կողմից կատարվածի վերաբերյալ և նշում, որ երբեք դա չենք հանդուրժելու, հայ ժողովուրդը դա երբեք չի ներելու»:




























