Հունգարիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունները համատեղ կոմունիկյե են հրապարակել, որում փորձում են արդարացնել մարդասպան Սաֆարովին արտահանձնելու իրենց գործողությունները: Կոմունիկյեում ասվում է.
«Ռամիլ Սաֆարովը հունգարական բանտում էր 2004թ. փետրվարի 19-ից: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել, եւ համաձայն 1983 թ. Ստրասբուրգում ընդունված դատապարտյալների հանձնման մասին համաձայնագրի, փոխանցվել է Ադրբեջանին: Հարգելով գործող կանոնները` Հունգարիան թափանցիկ է գործել: Հունգարիան հավատարիմ է մնում միջազգային իրավունքի հարգման սկզբունքներին ցանկացած երկրի նկատմամբ եւ նույնն է ակնկալում իր գործընկերներից: Հունգարիան բարձր հարգանքի զգացմունք է տածում քրիստոնեական Հայաստանի, հայ ժողովրդի ավանդույթների եւ մշակույթի նկատմամբ: Հունգարիան ափսոսանքով է վերաբերվում հայկական կողմի քայլերին, որոնք ազդում են դիվանագիտական հարաբերությունների վրա»:
Նշենք, որ Հունգարիայի ԱԳՆ քարտուղարը կիրակի նոտա է հանձնել Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւին եւ հայտարարել, որ Հունգարիան դատապարտում է Ադրբեջանի գործողությունները` Ռամիլ Սաֆարովի ատահանձնման հետ կապված:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են ընթանում:




























