Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը  (CCAF) պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հայ ժողովուրդը  չի հանդուրժի հայերի դեմ ռասիստական հանցագործությունն ու աջակցությունը պանթուրքիզմին: Նաեւ նշվում է, որ սեպտեմբերի 6 –ին Փարիզում հունգարական դեսպանատան մոտ հանրահավաք տեղի կունենա:

CCAF հայտարարության մեջ  մասնավորապես նշվում է.

«CCAF –ն արդեն անհանգստություն է հայտնել այս գործի սկանդալային շրջադարձի վերաբերյալ եւ կարծում է, որ այդ որոշումը չի կարող վերջնական լինել:

CCAF դիմում է հունգարական իշխանություններին, որոնք տվյալ գործում ծայրահեղ  թեթեւություն են դրսեւորել սեփական օրենքն առաջ տանելու համար: Նրանց պարտավորությունների մեջ է Ադրբեջանից պահանջել, որ առնվազն ճաղերի ետեւում նստեցնեն հրեշին:

Ֆրանսահայ համայնքը, ինչպես նաեւ ողջ հայ ժողովուրդը, լինի հայրենիքում, թե Սփյուռքում, չեն կարող հանդուրժել, որ ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին շարունակվի հայերի դեմ ռասիստական հանցագործություններն ու աջակցությունը պանթուրքիզմին:

Սաֆարովի ազատ արձակումը մերժում է  արդարադատությունը լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի նկատմամբ: Դա հայ ժողովրդի ազատության ու կյանքի իրավունքին նետված մարտահրավեր է: Դա հանցագործության կրկնության կոչ է: Մենք պետք է դատապարտենք այս ամոթալի իրավիճակը, որը հակասում է ԵԽ արժեքներին, որի անդամ են Ադրբեջանն ու Հունգարիան: Մենք պետք է պահանջենք Սաֆարովի ազատազրկումը` միջազգային վերահսկողության տակ»: