Հունգարիայի պետքարտուղար Ժոլտ Նեմետը սեպտեմբերի 2-ին Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւի հետ: Ինչպես տեղեկացնում է Հունգարիայի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Ժ. Նեմետը Ադրբեջանի դեսպանին հայտնել է Հունգարիայի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահի կողմից օգոստոսի 31-ին ադրբեջանական կողմին փոխանցված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության Հայաստանի քաղաքացու սպանության համար:
Հունգարիայի պետքարտուղարը դեսպանին դիվանագիտական նոտա է հանձնել, որում Հունգարիայի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ Ռ. Սաֆարովը չի կրելու պատժաժամկետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունգարական «MNO» հրատարակչությունը հրապարակել է Ադրբեջանի արդարադատության նախարարության 2012 թ-ի օգոստոսի 15-ի պաշտոնական փաստաթուղթը` ուղղված Հունգարիայի արդարադատության նախարարությանը, որում ադրբեջանական կողմը երաշխիքներ է տալիս կատարելու Ռամիլ Սաֆարովի փոխանցման բոլոր պայմանները, առ այն, որ նա իր պատիժը շարունակի կրել Ադրբեջանում, այդ թվում` ԱՀ Քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի համաձայն` պայմանական վաղաժամկետ արձակում միայն 25 տարի ազատազրկումից հետո:
Տվյալ փաստաթուղթը ներկայացված է որպես ապացույց` Հունգարիայի արդարադատության նախարարության կողմից ավելի վաղ տրված հայտարարության, որ ադրբեջանական կողմը փաստացիորեն մոլորեցրել է Հունգարիայի գործընկերոջը, խոստանալով, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիքում, իսկ պատժամիջոցը կարող է փոխվել միայն դատական կարգով:




























