Հունգարիան եւ Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հետ կապված բացատրություններ ներկայացնել, կարծում է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Շիֆը հատուկ հայտարարություն է արել այս հարցի կապակցությամբ, որում նշվում է. «Ես խորապես անհանգստացած էի լսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման մասին, որը դատապարտվել էր հայ սպայի սպանության համար: Հունգարիան եւ Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը այդ հարցի հետ կապված  բացատրություններ ներկայացնել: Դատարանի կողմից մարդասպան ճանաչվածի դեպքում դա ահավոր արդյունք  է»: 

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. փետրվարին քնած ժամանակ կացնահարել էր  հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովը Ադրբեջանին փոխանցվել էր Հունգարիայից, որտեղ դատապարտված էր ցմահ բանտարկության:

Նույն օրը`օգոստոսի 31-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել, որի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: