Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց, որոնք նշանակված են հոկտեմբերի 1-ին, լրանում է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի Վրաստանում գտնվելու ժամկետը. նա Ֆրանսիայի` ԵՄ-ի անդամ երկրի քաղաքացի է: Այդ մասին հիշեցրել է պատգամավոր Դմիտրի Լորթքիփանիձեն, որը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները կօգտվեն  առիթից եւ Իվանիշվիլիին կարտաքսեն երկրից: 

Ըստ նրա` իշխանությունները կփորձեն չերկարացնել Վրաստանում Իվանիշվիլիի մնալու ժամկետը, որը լրանում է հոկտեմբերի 11-ին, եւ այն իրավականորեն հաստատելու համար «որպես հիմք կբերեն Լոպոտում հատուկ գործողությունը եւ նման դեպքեր», հայտնում է «Էխո Կավկազա»-ն:

«Կարելի է սպասել, որ շուտով հեռուստաեթերից մենք իշխանությունների կողմից հորինված  նոր ֆիլմեր կտեսնենք այդ հատուկ գործողության մասին: Լափանկուրիի հատուկ գործողությունն ամենայն հավանականությամբ կկապեն Բիձինա Իվանիշվիլիի հետ, որը հետո կօգտագործվի Վրաստանոմ նրա մնալու ժամկետը երկարաձգելը մերժելու համար: Հենց այդ ֆիլմերը կներկայացնեն միջազգային հանրությանը, որից հետո կսկսեն արդարանալ, թե ինչու Իվանիշվիլիին Վրաստանում մնալու հնարավորություն չեն  տվել»,- «Մեդիանյուզ» գործակալությանը հայտարարել է Դմիտրի Լորթքիփանիձեն եւ ավելացրել, որ նա ապագայում էլ իշխանություններից սպասում է  «հատուկ գործողությունների եւ սադրանքների` Լափանկուրիի նման»: