Աշխարհում ադրբեջանական դիվանագետների եւ պաշտոնական անձանց տեղաշարժերի մասին տեղեկատվություն չի տարածվի: Այդ մասին 1news.az-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

«Հաշվի առնելով Հայաստանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները, մեր պաշտոնական անձանց եւ քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սադրիչ գործողության պատասխանատվությունը կընկնի այդ երկրի ղեկավարության վրա», - ընդգծել է նա:  Դիվանագետների տեղաշարժերի մասին տեղեկատվությունը «գաղտնիացնելու» առիթ են դարձել «հայկական կողմի հայտարարությունները», մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը` ասված երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հանրապետությունում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցության ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, լարվածության սրման պատճառ էր դարձել Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Բաքու, որը Բուդապեշտի դատարանի որոշմամբ դատապարտվել էր ցմահ ազատազրկման` հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. փետրվարին քնած ժամանակ կացնահարելու համար: Նրանք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվող անգլերենի դասընթացներին: