Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումն եւ հետագայում ներման շնորհումը Հունգարիայում հանրային մեծ արձագանք է գտել: Ինչպես քաղաքացիական հանրությունը, այնպես էլ քաղաքական կուսակցությունները խիստ քննադատության են ենթարկել հունգարական իշխանություններին: Այն մասին, թե ինչպիսինն է հունգարական հանրության վերաբերմունքը այս հարցի շուրջ NEWS.am-ին պատմել է հունգարացի լրագրող Լացո Մոլնարը:
Մենք գիտենք, որ Սաֆարովի արտահանձնումը եւ հետագայում ներման շնորհումը եւ Հայաստանի վերաբերմունքը, մեծ արձագանք է գտել նաեւ Հունգարիայում: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել հունգարացիներից, ովքեր ցավում են կատարվածի համար եւ իրենց ծայրահեղ անհամաձայնությունն են հայտնում հունգարական կառավարության գործողությունների հանդեպ: Ի՞նչ է այժմ տեղի ունենում Հունգարիայում եւ ինչպիսի՞նն է մարդկանց արձագանքը:
Այո, այս դեպքը մեծ արձագանք է գտել Facebook-ի հունգարացի օգտատերերի շրջանակներում եւ ակտիվ բլոգերները քննադատում են կառավարությանը այն պահից սկսած , երբ այդ մասին հայտնի է դարձել:
Ինչպիսինն է՞ տարբեր քաղաքական ուժերի եւ կուսակցությունների դիրքորոշումը
Հունգարական Դեմոկրատական կուսակցությունները` LMP, MSZP եւ DK-ն, իրենց խիստ անհամաձայնությունն են հայտնել կառավարության որոշման նկատմամաբ եւ իրենց ցավակացությունն են հայտնել հայ ժողովրդին: DK-ի առաջնորդը` Հունգարիայի նախկին վարչապետ ֆերենց Դյուրչանը, նույնպես քննադատել է Օրբանի կառավարության այդ քայլը:
Բացի այդ, Facebook-ում օն-լայն պետիցիա է հայտնվել, որը Վիկտոր Օրբանից տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում է պահանջում, ինչպես նաեւ, ցանկանում է իմանալ թե ինչն է պատճառ հանդիսացել նման որոշում կայացնելու համար:
Հունգարիայի բազմաթիվ ընդդիմադիր խմբերից մեկը` «One million people for the Freedom of Media»-ն («Միլիոն մարդ` մեդիայի ազատության համար»), որը պատրաստվում է քաղաքական կուսակցություն դառնալ, նպատակ ունի հաջորդ շաբաթ այս հարցով ցույց կազմակերպել :
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են ընթանում:




























