Մոսկվայում «Տարվա եղանակներ» առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ադյյունքում հայաստանցի գործարար է զոհվել: 32-ամյա Սանոսյանի սպանությունը արձանագրել են վերահսկող տեսախցիկները:
Հարբած խուլիգանների կողմից ծեծի ենթարկված Սանոսյանին միջադեպից անմիջապես հետո բազմաթիվ քերծվածքներով, գանգուղեղային բաց վնասվածքով եւ գանգային կոտրվածքով տեղափոխել են հիվանդանոց:
Գործարարի վիճակը ծայրահեղ ծանր էր, եւ բժիշկները ամբողջ շաբաթ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն հիվանդին փրկել չի հաջողվել: Վերակենդանացման բաժանմունքում օգոստոսի 21-ին Սանոսյանը գիտակցության չգալով մահացել է:
Վահրամ Սանոսյանը 3 զարմիկների եւ դստեր հետ շրջում էր քաղաքում եւ որոշել է մտնել Կուտուզովի պողոտայի «Տարվա եղանակներ» առեւտրի կենտրոն` ընթրելու: Կտրուկ հարված ստանալով` Վահրամը կանգ է առել եւ իջել մեքենայից: Հարբած 3 տղամարդիկ չեն կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել, սակայն ագրեսիվ են տրամադրված եղել:
«Տեսագրություններում երեւում է, որ հանցագործները փորձել են կոտրել մեքենայի ապակին եւ դուրս հանել հետեւի նստարանին նստած երեխաներին», - Life News-ին է պատմել իրավապահ մարմինների աղբյուրը: Վահրամը նետվել է նրանց մոտ եւ պաշտպանելով` սկսել է հետ հրել հարձակվողներին մեքենայից` ուշաադրությունն իր վրա հրավիրելով: Կռիվ է սկսվել:
Սանոսյանին գետնին են գցել եւ ծեծել այնքան, քանի դեռ նա չի կորցրել գիտակցությունը: Մի քանի րոպե անց հանցագործները հեռացել են դեպքի վայրից պատահական մեքենայով:
Այդ ամենը տեղի է ունեցել 4 երեխաների աչքի առաջ` 8-ամյա Մարգոյի եւ զարմիկներ Դավիթի, Դանիելի եւ Արթուրի: Հենց երեխաներն են ոստիկանություն, շտապօգնություն կանչել եւ փորձել օգնություն ցուցաբերել: Երբ 10 օր անց Սանոսյանը մահացել է հիվանդանոցում, գործը փոխանցել են Քննչական կոմիտեին:
Տեսագրության, նաեւ ականատեսի` 15-ամյա զարմիկ Արթուրի ցուցմունքների հիման վրա ոստիկանությունը մտադիր է մոտ ժամանակներս գտնել եւ ձերբակալել հանցագործներին:




























