Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ ներման արժանանալը տեղի ունեցան սոսկ այն պատճառով, որ Հայաստանի ԱԳՆ-ն պատրաստ չէր դրան, թեեւ պարտավոր էր: Այդ մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Կարծում եմ, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի կապված ռազմավարական ծրագրի պլանավորման հետ: Մենք պետք է սովորենք պլանավորել նաեւ այն, ինչը հնարավոր է, օրինակ` երկրաշարժը, եւ այն, ինչն առաջին հայացքից անհնար է թվում», - ընդգծել է նա:
Ըստ Կիրակոսյանի` կատարվածը յուրօրինակ թեստ է առաջին հերթին միջազգային հանրության համար: «Եթե Արեւմուտքը խիստ եւ իրական գործողություններով ամրագրված գնահատականներ չտա կատարվածին, Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ կամ առնվազն հայտարարի նման մտադրության մասին: Սպանությունը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, եւ հենց նա պետք է ապահովեր հայ սպայի անվտանգությունը: Ամենախիստ գնահատականը պետք է տա հենց ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը` միջազգային հանրությունը պետք է բեռնարգելք կիրառի Ադրբեջանին զենքի վաճառքի նկատմամբ, ինչպես նաեւ դադարեցնի այդ երկրի անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին»:
Ըստ քաղաքագետի` կատարվածի եւս մեկ հետեւանք կարող է դառնալ Հայաստանի դորս գալը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից: Նման քայլը Հայաստանը կարող է փաստարկել ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու անիմաստությամբ: Բացի դրանից` Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն մտածի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին կամ առնվազն ակտիվացնի այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչման ջանքերը:
Բացի դրանից, Կիրակոսյանը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգն ավելի է մեծացել: «Հաշվի առնելով բոլոր սադրանքները` ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` պատերազմ սկսելուն, հասկանալով, որ պարտություն կկրի: Այսօր միջազգային հանրությունը պետք է պատժի Ադրբեջանին, քանի որ այն վտանգ է ներկայացնում բոլորի համար»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























