Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է հանդիպել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ համապատասխան արձագանք պահանջել հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսական պաշտոնատար անձանց լռության վերաբերյալ, եւ նշել է, որ Ռուսաստանը պետք է առաջինն արձագանքեր: Նա ընդգծել է, որ մտահոգված է Ռուսաստանում բնակվող հայերի անվտանգությամբ, քանի որ, եթե նման հանցագործություն կարող է տեղի ունենալ ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրում, իսկ մարդասպանը կարող է հերոսի կարգավիճակ ստանալ, ապա ոչ մի հայ ապահովագրված չէ նման «սաֆարովներից»:
Նա հայտնել է, որ մտադիր է Հունգարիա մեկնել: Հունգարիան արդեն խոստովանել է, որ Ադրբեջանն իրեն խաբել է, Աբրահամյանը մտադիր է պահանջել դադարեցնել բոլոր դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ:
Աբրահամյանը հայտարարել է, որ «Հայաստանի հաջորդ քայլը ԼՂՀ-ի անկախության ճանաչումը պետք է լինի», – հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Հանդիպմանը, բացի հայկական կազմակեպությունների ներկայացուցիչներից, ներկա են եղել նաեւ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը:




























