Լեհաստանի հայերը հունգարական դեսպանատուն են ուղարկել բողոք-նամակ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից արտահանձնման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է.
«2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում սառնասիրտ սպանություն է տեղի ունեցել: Ադրբեջանացի զինծառայող Ռամիլ Սաֆարովը մտել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ եւ սպանել է նրան քնած ժամանակ: Երկուսը մասնակցելիս են եղել ՆԱՏՕ-ի «Համագործակցություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացներին: Սաֆարովի գործով դատալսումները տեւել են ավելի քան 2 տարի: Դատավոր Անդրաշ Վասկուտին եւ հունգարական դատախազությունը հրաշալի կերպով են անցկացրել գործընթացը` եվրոպական, հունգարական օրենսդրության չափանիշներով:
Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց բողոքարկման իրավունքի առաջին 30 տարիների ընթացքում: Ադրբեջանի բոլոր բողոքները մերժվել են: Ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները դատական գործընթացի առաջին իսկ օրից անարդյունք հանդես են եկել Սաֆարովի արտահանձնման կոչերով եւ ընդգծել, որ «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանական երիտասարդության համար»: Իր հայրենիքում Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է համարվել:
Վերջին 8 տարին հունգարական կողմը հանդես է եկել որպես միջազգային իրավունքի հետեւորդ` մերժելով Սաֆարովի արտահանձնման ցանկացած հնարավորություն:
Ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ Ռամիլ Սաֆարովին վերադարձրել են իր երկիր, որտեղ նրան պատժի շարունակություն չէր սպասում: Ադրբեջան հասելուն պես Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Սաֆարովին:
Կասկած չկա, որ Հունգարիայի իշխանությունները քաջ գիտակցել են, որ Ադրբեջանում հայերի նկատմամաբ ատելությունը մինչեւ պետական մակարդակի է հասցված: Կասկած չկա, որ Հունգարիայի իշխանությունները ծանոթ էին Եվրոպական հանձնաժողովի կողմից Ադրբեջանին տրված` ռասիզմի եւ անհանդուրժողականության վերաբերյալ 2011 թ-ի հաշվետվությանը»:




























