Հարաբերությունների կասեցման քաղաքական ազդեցությունը եւ դրա հետեւանքները գործնականում հավասարազոր են դրանք խզելուն: Այդ մասին հաղորդել է  միջազգային իրավունքի փորձագետ Վիգեն Քոչարյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների համապատասխան որոշումը: Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը կասեցրել է Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով:

Վիգեն Քոչարյանը նշեց, որ  հարաբերությունների կասեցումը լայնորեն կիրառվում է իբրեւ քաղաքական դեմարշ` երկու պետությունների միջեւ լուրջ խնդիրների առկայության պարագայում: Այս պարագայում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու քայլը Հայաստանի իշխանությունները գնահատեցին իբրեւ ոչ բարեկամական քայլ.  «Արտահանձնումը տեղի ունեցավ, չնայած հունգարական կողմի հավաստիացումներին, որ նման բան չի լինի, որ Հունգարիան այդ քայլին չի դիմի` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում այդ մարդասպանը դասվում է ազգային հերոսների շարքին, որ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու դեպքում տեղի կունենա այն, ինչը որ տեղի ունեցավ», -նշեց փորձագետը` հավելելով, որ այդ որոշումը կայացնելիս հունգարական կողմը պետք է խորհրդակցեր հայկական կողմի հետ»:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է արդյունավետ նման դեմարշը, փորձագետը նշել է, որ հարաբերությունների կասեցումն ըստ էության միջանկյալ քայլ է, սակայն քաղաքական  ազդեցությամբ եւ հետեւանքներով հավասարազոր է հարաբերությունների խզմանը:

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը ներխուժել էր հայ սպաների սենյակ եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային` Հայկ Մուկուչյանին: Բարեբախտաբար,  փորձն անհաջող էր եղել: 2006 թվականի ապրիլի 13-ին Ռ. Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից  դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

Օրերս հունգարական կողմը Ռ. Սաֆարովին հանձնել է հայրենիքին, որտեղ նա անմիջապես ներման է արժանացել, ազատ արձակվել, բնակարան նվեր ստացել եւ նպաստ` 8 տարի բանտում անցկացնելու դիմաց: