Վանից ոչ հեռու գտնվող Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայտնի Վարագավանքի վերանորոգման համար փնտրվում այն տարածքի սեփականատերը, ում տարածքում որ գտնվում է հայկական Վարագավանքը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Վանի մշակույթի եւ տուրիզմի նահանգային վարչությունը Վարագավանքի վերանորոգման համար Վանի կադաստրի վարչությունում ուսումնասիրություն է իրականացնում՝ գտնելու այն տարածքի տերերին, որտեղ գտնվում է Վարագավանքը։

Նշենք, որ Վանում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Վարագավանք է այցելել էր  NEWS.am-ի թղթակիցն ու լուսանկարել երկրաշարժից հետո փլված Վարագավանքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աղթամարի Սուրբ Խաչի վերաբացումից հետո Յուքարըբաքրաչլըի գյուղացիները դիմել էին Վանի նահանգապետարան եւ  մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչություն՝ իրենց գյուղում գտնվող եկեղեցական համալիրը վերականգնելու համար։

Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին:  Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: