Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը գործել եւ գործում է բնականոն աշխատակարգով: Այդ մասին հայտնել են Հայաստանի նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնից` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ադրբեջանական եւ թուրքական մի շարք  լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ ադրբեջանցի հաքերներն իբր «կոտրել են» Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Պարզապես այսօր` ժամը 13;00-ի սահմաններում, մի քանի երկրներում գրանցված IP հասցեներից տեղի է ունեցել միաժամանակյա  DDos-հարձակում, որից հետո, տեխնիկական առաջադրանքներից ելնելով, Ադրբեջանի, Թուրքիայի եւ  մի քանի այլ երկրների համար, որոնց կողմից հարձակումներ էին իրականացվել, նախագահի կայքի հասանելիությունը սահմանափակվել է»:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո հայ եւ ադրբեջանցի հաքերները համացանցում իսկական կիբերպատերազմ են ծավալել: Հայերը կոտրել են Ադրբեջանի լրատվական գործակալությունների առաջատար «1News», «APA», «Vesti.az», «day.az» կայքերը: Նրանց հաջողվել է կոտրել  Ադրբեջանի նախագահի, արդարադատության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերության` aztv.az-ի կայքերը: Մեկ օրվա ընթացքում հայկական կողմը կոտրել է 15-20 կայքեր, իսկ ադրբեջանականը` 30: Յուրաքանչյուր կոտրած կայքում հայերը  տեղադրում են 2 լուսանկար` մեկում պատկերված է Գուրգեն Մարգարյանը, մյուսում` Մոնթե Մելքոնյանը եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովը , որի տակ մակագրություն կա. «Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա հերոսներն են»:  Ադրբեջանական կողմն էլ  կոտրելուց հետո տեղադրում է Ռամիլ Սաֆարովի լուսանկարը` ներման վերբերյալ մակագրությամբ: Հայկական կողմից ոչ մի տեղեկատվական կայք չի դադարել աշխատել, իսկ ադրբեջանական համարյա բոլոր հիմնական կայքերը մի քանի ժամով շարքից դուրս են եկել: