Արցախի նախագահի նախկին թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նոր քաղաքացիական շարժում է ստեղծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն ավարտվել են քաղաքացիական շարժում ստեղծելու նպատակով ծավալված քննարկումները, համապատասխան քայլեր են արվել, հանդիպումներ են եղել եւ մեկ շաբաթից հանդես կգան հայտարարությամբ:
Վիտալի Բալասանյանի խոսքով` քաղաքացիական շարժումը բաց կլինի բոլոր համերկրացիների համար եւ անկախ կուսակցական պատկանելիությունից, հայացքներից, բոլորը կարող են անդամագրվել:
Չցանկանալով շատ փակագծեր բացել` Վիտալի Բալասանյանը նշեց, որ քաղաքացիական շարժումը պետք է հենվի ազգային արժեքների վրա, նպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ազատ կամքի արտահայտմանը, պետական իշխանության ձեւավորման եւ վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման պայմանների ստեղծմանը, սոցիալական արդարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն:
Պատգամավորի փոխանցմամբ` նախեւառաջ իրենք փորձելու են համախմբել գաղափարակիցներին, ապա` առաջադրված նպատակներին հասնելու համար համապատասխան քայլեր կձեռնարկեն: Նախագահի թեկնածուն նշեց, որ քաղաքացիական շարժումը իր գործունության ընթացքում օգտագործելու է նաեւ ԱԺ ամբիոնը, ստիպելու են իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել, իսկ եթե չձեռնարկեն, ապա դիմելու են քաղաքական մեթոդների:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նախագահի նախկին թեկնածու, Ազգային Ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում:




























