ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` դեսպաններ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը սեպտեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ` տարածաշրջանում տեղի ունեցած վերջին դեպքերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ քննարկումների համար:

Համանախագահները նախարարների հետ քննարկել են 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի նկատմամբ` ադրբեջանական կառավարության կայացրած ներման որոշումը: Նրանք ափսոսանք են հայտնել այն բանի համար, որ ներումը եւ մարդասպանին փառաբանելու փորձերը ազդել են երկու երկրների միջեւ խաղաղ բանակցությունների գործընթացի վրա: Նրանք նաեւ վստահեցրել են, որ կշարունակեն համագործակցել կողմերի հետ, որպեսզի նվազեցնի երկու կողմերի միջեւ առկա լարվածությունը եւ  աջակցել խաղաղ գործընթացին: