Եվրամիության ներկայացուցչի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետեւանքով լարվածության սրացում թույլ չտալու մասին ԵՄ հայտարարությունը յուրօրինակ թայմ աութ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը` մեկնաբանելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչի հայտարարությունը:
«ԵՄ-ին թայմ աութ է անհրաժեշտ, առաջին հերթին նրա համար, որ տարածաշրջանում իրավիճակը չսրվի, մինչ ԵՄ-ն կկարղանա հայտարարությամբ հանդես գալ: Տվյալ պահին Սաֆարովի արտահանձնման եւ ներման վերաբերյալ ԵՄ արձագանքն ադեկվատ չէ, քանի որ այն պետք է կոշտ լիներ»,-նշեց Ենգիբարյանը:
Փորձագետի խոսքով` կատարվածին գնահատական տալու համար ԵՄ-ն պետք է 27 երկրների թույլտվությունն ունենա: «Այս տեսանկյունից ԵՄ-ն դանդաղ է արձագանքում, սակայն վաստահ եմ, որ այդ հարցով ԵՄ հայտարարությունը բավականին կոշտ կլինի»,-նշեց Ենգիբարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հայ սպայի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու հետեւանքով երկկողմ հարաբերություններում լարվածության սրացում թույլ չտալ:
«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում, որպեսզի տվյալ իրավիճակում զերծ մնան որեւէ սրացումից», - Բյուսելում լրագրողներին ասել էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են ընթանում:




























