Մինչ Հայաստանին եւ Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում լարվածության սրացում թույլ չտալու մասին կոչ անելը, ԵՄ-ն պետք է գնահատական տա իրադարձություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչի հայտարարությունը:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ աշխարհի առաջատար երկու պետությունները, որոնք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր են, հստակ գնահատական են տվել Ադրբեջանի թույլ տված կոպիտ սխալին: ԵՄ հայտարարության մեջ, ըստ նրա, նման գնահատականը բացակայում էր:

«Հավանաբար ոչ բոլորն են լավ հասկանում իրավիճակը»,-հայտարարեց Գրիգորյանը` նշելով, որ Հայաստանը պետք է ԵՄ-ից եւ ԵՄ անդամ առանձին երկրներից Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հստակ գնահատական պահանջի:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հայ սպայի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու հետեւանքով  երկկողմ հարաբերություններում լարվածության սրացում թույլ չտալ:

«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել  հրապարակային հայտարարություններում, որպեսզի տվյալ իրավիճակում զերծ մնան որեւէ  սրացումից», - Բյուսելում լրագրողներին ասել էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում  արդեն մի քանի օր է` բողոքի ակցիաներ են ընթանում: