Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն եւ անմիջապես ազատ արձակելուն:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաեւ Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական եւ քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության եւ ցեղասպանության շարունակություն: Դա ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է եւ պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:

Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող եւ չեն մնա անպատասխան:

Այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաեւ 2012թ. ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:

Նիստին հրավիրված էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: