Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի ղեկավարության որոշումը քաղաքական պոռնկության դասական օրինակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ էր իրավական եւ բարոյական կողմերից ճիշտ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշումը:

«Միանշանակ է, որ այս դեպքում ոչ իրավականերեն, ոչ էլ բարոյապեն ճիշտ լինելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ այս գործարքի արդյունքում մարդասպանը ազատություն է ստացել՝ չկրելով դատարանի վճռով նախատեսված պատիժը: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի ղեկավարության որոշումը քաղաքական պոռնկության դասական օրինակ է: Իրենց օրինակով Հունգարիայի իշխանությունները ցույց տվեցին, որ համամարդկային արժեքներն իրենց համար խորթ են, եւ կարող են վաճառվել առանց խղճի խայթի: Այս ծայրահեղ ցինիկ տրաբանության հիմքում ընկած է շատ վտանգավոր մի գաղափար, ըստ որի, ցանկացած հանցագործ, լինի դա մարդասպան, ահաբեկիչ, թե բռնաբարող կարող է հանցավոր համաձայնության դեպքում՝ հույս ունենալ ազատության: Հունգարական արդարադատության խոսուն փաստը պետք է համարժեք պատասխան ստանա զարգացած երկրների կողմից, հակառակ դեպքում նրանք հանցակից ու լուռ վկաներ կդառնան»,- ասաց նա:

Անդրադառնալով Սաֆարովի՝ Ադրբեջանում հերոսացման փաստին՝ Ղազարյանն ասաց, որ սա հակահայկական քաղաքականության շղթայի մի մաս է, որն անհրաժեշտ դատապարտման չի արժանացել. Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, Շուշիում, Սումգաիթում եւ Բաքվում հայերի կոտորածները, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան  եւ այլն: Ադրբեջանի ավտորիտար իշխանությունը այլ գաղափարախոսություն չի կարողացել գտնել, քան հակահայկականությունը, որի միջոցով փորձում է մնալ իշխանության ղեկին:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Ղազարյանը նշեց, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի ոչ ոք չկասկածի, թե «հայկական կողմը մի քիչ կաղմկի, եւ կհանգստանա»: «Բանակցություններ վարել ռասիստական ռեժիմի հետ անիմաստ է: Բանակցային գործընթացում ներկա բոլոր կողմերը պետք է վերջապես հասկական դա: Միակ ելքը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը: 

Պատգամավորը ալիեւյան կլանի սանձարձակության համար մեղադրեց նաեւ Արեւմուտքին՝ նշելով, որ նրաց լռության պատճառով է նաեւ, որ Ալիեւի սանձարձակությունն անցել է բոլոր սահմանները: «Ոչ մի բանական մարդ, անկախ նրանից, թե որ երկրից կամ ինչ դավանանքից է, այսքանից հետո նույնիսկ չի կարող մտքով անցկացնել առաջարկել, որ Ղարաբաղը միանա Ադրբեջանին: Դա պարզապես հանցագործություն է»,- հայտարաց Ղազարյանը: