Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 2-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 158 հոգի, որից 9-ը` հետմահու:
Պետական շինարարության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության բնագավառներում ԼՂՀ մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 8 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 5 հոգի, «Անանիա Շիրակացի» մեդալով` 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 22 հոգի:
Մշակույթի եւ առողջապահության բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար պատվավոր կոչումներ են շնորհվել.
Վաստակավոր արտիստի` Լարիսա Սարգսյանին, «Դիզակ» ժողովրդական գործիքների համույթի մենակատար (ք. Հադրութ),
Մշակույթի վաստակավոր գործչի` Մելս Հովսեփյանին, ինքնուս նկարիչ, արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պահեստազորի մայոր,
Վաստակավոր բժշկի` Վարդան Ղուկասյանին , ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ,
Էդուարդ Պատվականյանին` ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն», ՓԲԸ բժիշկ-ուրոլոգ:




























