Երբ Facebook-ում ստեղծվել էր «Պահանջում ենք գիտության ֆինանասավորման ավելացում» նախաձեռնությունը, գիտության ֆինանասավորմանն են միացել մի քանի մասնավոր հիմնադրամներ, որոնք սկսեցին մրցույթներ կազմակերպել երիտասարդ գիտնականների համար: Սկսեց Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը:

Այնուհետեւ «Տաշիր» հիմնադրամը, որը մի քանի մրցույթներ անցկացրեց, այդ թվում նաեւ լրագրողների համար: Տվյալ պահին մրցույթ է հայտարարված հայ ցեղասպանագետների համար, որոնք  հոդվածներ են հրապարակում միջազգային վարկանշային ամսագրերում: Նման մրցույթ է հայտարարել նաեւ Գարեգին Նուշիկյանը: Խնդրին առնչվող հարցերի վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է պատմաբան արեւելագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ, որը Գագիկ Ծառուկյանի եւ «Տաշիր» հիմնադրամների մրցանակակիրներից մեկն է: Նա միակ հումանիտար գիտությունների ներկայացուցիչն է, որը մրցանակակիր էր դարձել:

Վահրամ, դուք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ միջազգային պարբերականներում հրապարակումներ ունեցող երիտասարդ գիտնականների մրցույթի մրցանակակիրներից եք։ Ինպես նաեւ «Տաշիրի» կողմից կազմակերպված նմանատիպ մրցանակաբաշխության։  Որքանո՞վ եք կարեւորում նմանատիպ մրցույթների անցկացումն ու միջազգային գրախոսվող ու ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրությունները խրախուսելը։

Բավական բարձր եմ գնահատում նման նախաձեռնությունները, վերջին հաշվով այս մրցույթների իրական նպատակը պետական պատկան մարմիններին ազդակ ուղարկելն է, ոչ թե երիտասարդ գիտնականներին հայտնաբերելը կամ այլն։ Հիմնական ուղերձը հետեւյալն է․ սխալ է նման կերպով կառուցել գիտական քաղաքականությունը՝ այն դատապարտելի է ու տանում է փակուղի։ Գիտության հարցում պետության դրվագային հոգատարությունը պետք է արմատապես վերանայվի, ուստի, լիահույս եմ, որ այս մրցույթներն հավելյալ շարժառիթավորում կստեղծի գիտության քաղաքականության պատասխանատուների մոտ։

Կարծու՞մ եք, որ գիտնականի գործունեության արդյունավետության գնահատման կարեւորագույն չափանիշ պետք է լինի միջազգային պարբերականներում տպագրությունները։

Իրականում պետք է տարբերակում լինի ըստ գիտության ճյուղերի։ Ի տարբերություն հումանիտար գիտությունների՝ հիմնարար գիտությունների ոլորտում համեմատաբար հեշտ է միջազգային պարբերականներում տպագրվելը։ Մինչդեռ հումանիտար գիտություններում բացի միջազգային պարբերականներում տպագրված լինելը հարկավոր են նաեւ մենագրություններ ունենալ, որն ավելի հեղինակավոր է դիտվում քան հոդվածները։ Ավելին, Արեւմուտքում միջազգային պարբերականներում մի քանի տպագրություններ ունենալը հետբուհական կամ դոկտորական կրթությունն ավարտելու պարտադիր պայմաններից մեկն է։ Մինչդեռ ՀՀ-ում հումանիտար գիտությունների ոլորտում ընդամենը 3-4 ծանրակշիռ պարբերականներ կան, որոնցում տպագրվելը բարդ է ու ցանկալի ասպիրանտներից շատերի համար։

Որքանո՞վ են հայաստանյան պատմաբանները տեսանելի միջազգային գիտական ասպարեզում։ Արդյո՞ք բազմաթիվ հայերենով հոդվածներն ընթերցվում են արտերկրում ու հղվում համաշխարհային գիտական միջավայրում։ Որքանո՞վ եք կարեւորում Ձեր ոլորտում Հայաստանից անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով տպագրված հոդվածների առկայությունը միջազգային պարբերականներում։

Ընդհանուր առմամբ Հայաստանյան պատմաբանները բավական պասիվ են միջազգային գիտական ասպարեզում, թեեւ ունենք նաեւ մի քանի պատմաբաններ, որոնք մեծ հեղինակություն են վայելում համաշխարհային պատմագիտության առանձին ոլորտներում։

Մեր ոլորտում բազմալեզու տպագրությունները պարտադիր պայման են, թեեւ անգլերենը շարունակում է գերիշխել։

Համաձայն եք արդյո՞ք գիտության ֆինանսավորման ավելացման պահանջին, եւ եթե այո ու եթե դուք լինեիք լիազոր մարմինը, ապա ֆինանսավորման ավելացման դեպքում որտե՞ղ կանեիք առաջին ներարկումը կամ առաջին ներարկումները։

Գիտության ֆինանսավորման բարձրացումը այլընտրանք չունեցող պահանջ է, որը վաղ թե ուշ պետք է աստիճանաբար ավելանա։ Ես կարծում եմ, որ կան մի քանի ոլորտներ որոնցում պետք են բազմափուլ ներարկումներ․ ցեղասպանագիտության, պատմագիտության, քաղաքագիտություն եւ արեւելագիտության ոլորտները կարիք ունեն համակարգված աջակցության։

Հարցազրույցը՝ Անահիտ Սարգսյանի