«Հրապարակը» գրում է, որ իշխանության վերին էշելոններում նախագահական ընտրություններին ընդառաջ բանակցություններ են ընթանում: Մեր աղբյուրներն ասում են, որ վերջին օրերին նախագահական նստավայր հրավիրված Գագիկ Ծառուկյանը փորձել է իր սցենարը պարտադրել Սերժ Սարգսյանին:

Նրա առաջարկն ընդհանուր գծերով եղել է այսպիսին. ինքն ու իր կուսակցությունը սատարում են Սերժ Սարգսյանին, կոնկրետ պատասխանատվություն են ստանձնում հանրապետության որոշ շրջաններում նրա հավաքած ձայների համար եւ ընդհանրապես ամեն ինչով աջակցում են, սակայն մինչեւ քվեարկության օրը հայտարարություն չեն անում սատարման մասին: Իսկ ընտրությունից հետո մասնակցում են իշխանության ձեւավորմանը, մասնավորապես վարչապետի նշանակմանը:

Այս առաջարկը Սերժ Սարգսյանը մերժել է՝ ասելով, որ ԲՀԿ-ն գործող նախագահին սատարելու մասին մինչեւ դեկտեմբեր պետք է հստակ հայտարարություն անի, ինչի դիմաց կստանա չորս պորտֆել՝ մշակույթի, կրթության, սպորտի եւ առողջապահության նախարարներինը: Ինչպես նաեւ վարչապետի նշանակումը կհամաձայնեցվի նրանց հետ:

Թե ինչ շարունակություն կունենան բանակցությունները, հայտնի չէ, սակայն, մեզ հասած տեղեկություններով, վերջին օրերին ԲՀԿ են հրավիրվում բոլոր այն անձինք, որոնց ժամանակին խոստումներ են տրվել, եւ նրանց ասվում է, որ պատրաստ լինեն՝ «բան չմնաց»: