Վաղը ՀՀ Աժ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Համապատասխան որոշումը կայացվել է երեկ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն: Աժ-ն նախատեսում է հանդես գալ հայտարարությամբ: Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի, ապա սեպտեմբերի 21-ին դիմումը կհամարվի ընդունված»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























