Նախքան Սաֆարովին հանձնելու մասին որոշում կայացնելը, հունգարական կառավարությունը պետք է Հունգարիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ նախաձեռներ: Այդ մասին Analitika.at.ua-ի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
«Դժվար չէր գուշակել, թե նման քայլը ինչ արձագանք կառաջացնի Հայաստանում, եթե անգամ Ալիեւը ներում չշնորհեր մարդասպանին», - նշել է նա:
Առավել եւս որ, ընդգծել է դիվանագետը, դատելով ամեն ինչից, այդ հարցը մշտաապես առկա է եղել հայ-հունգարական հարաբերություններում: «Նման խորհրդակցությունները, նույնիսկ եթե անհրաժեշտ է` դիտավորյալ, հասցեագրված տեղեկատվության արտահոսքը դիվանագիտական համընդհանուր կանոն է, որին հաճախ են դիմում իրենց բարեկամ անվանող եւ լավ հարաբերությունները պահպանել ձգտող երկրները: Այդ պատճառով հունգարական ԱԳՆ-ի` ադրբեջանական կողմից միջազգային կոնվենցիայի իրագործման պատրաստակամության մասին հավաստիացումներ ստանալու փաստարկները, որոնք իբր Հունգարիային դրդեցին մարդասպանին փոխանցել, անհամոզիչ են թվում, եթե ոչ` տարօրինակ», - ասել է Ալեքսանդր Բոժկոն:




























