ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա գլխավորած դեմոկրատական կուսակցությունը կարծում են, որ Իրանի հիմնախնդրի միակ եւ լավագույն լուծումը դիվանագիտությունն է: Այդ մասին ասված է կուսակցության` Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում հրապարակված ծրագրում:
«Նախագահ Օբաման վստահ է, որ դիվանագիտությունը լավագույն եւ արդյունավետ միջոցն է: Միաժամանակ նա հասկացրել է, որ այդ ճանապարհով հարցը չլուծվելու դպքում բոլոր միջոցները, ներառյալ ռազմական ուժի կիրառումը, արդիական կմնան», -ասվում է փաստաթղթում:
Օբաման նաեւ մտադիր է ԱՄՆ-ի բոլոր հնարավորություններն օգտագործել Իրանի միջուկային զենք ստանալը կանխելու համար:
«Աշխատելով մեր եվրոպացի դաշնակիցների, ինչպես եւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, վարչակարգը ՄԱԿ-ի պատժամիջոցների աննախադեպ խստացման է կարողացել հասնել: Արդյունքում Իրանը մեկուսացվել եւ բախվել է տնտեսական աճող ճնշման, որն ապագայում միայն աճելու էь», - նշված է ծրագրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեմոկրատները վստահեցնում են, որ ընտրություններում հաղթանակի դեպքում Օբաման «Կոնգրեսի եւ արտասահմանցի գործընկերների հետ կաշխատի Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ», քանի որ վերջինս դեռ չի ապացուցել իր ծրագրի խաղաղ բնույթը:
Համագումարը, որի ընթացքում նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ ՋոզեֆԲայդենը պաշտոնապես թեկնածուներ կառաջադրվեն, բացվել է սեպտեմբերի 3-ին: Առաջին օրվա միակ իրադարձությունը կուսակցության ծրագրի հրապարակումն է եղել:




























