Նորվեգիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Նորվեգիայում Հունգարիայի դեսպանատան մոտ: Այդ մասին հաղորդում է Նորվեգիայի Հայկական մշակութային միությունը: Բողոքողները  ներողություն են պահանջել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար, որը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման, ինչպես նաեւ արդարության վերականգնում: Բողոքի նամակը հանձնվել է դեսպան Գեզե Յեսենսկիին, որը վստահեցրել է, որ այն կփոխանցի իր երկրի կառավարությանը:

Բողոքի նամակում հավաքվածները դեսպանից եւ հունգարական կառավարությունից պահանջել են համարձակ եւ վճռական քայլեր ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար: Նամակի պատճեններն ուղարկվել են Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Սթյորեին, ԵՄ պատվիրակության դեսպան եւ ղեկավար Յանոշ Հերմանին,  «Statoil»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Հելգա Լունդին: Նամակի ամբողջական տեքստը հասանելի է Նորվեգիայի Հայկական մշակութային միության կայքում (www.Armenia.no):

Դեսպան  Յեսենսկիին համաձայնել է ընդունել երկու ներկայացուցիչների` քննարկելու բողոքողների անհանգստությունը: Նա անձնական համակրանք է հայտնել հայերի եւ նրանց զգացմունքների նկատմամբ: Դիվանագետը հիասթափություն է հայտնել սեփական կառավարության` Ադրբեջանի հետ կապված գործողություններից եւ  դրանք որակել իբրեւ խարդախություն: