Էրզրումի գլխավոր դատախազության կողմից լրտեսության գործով ընթացքող հետաքննության ընթացքում հայտնաբերել է Թուրքիայի քաղաքացի Թիմութ Ա.-ի կողմից Իրանի հատուկ ծառայության աշխատակցին Թուրքիայի մասին տեղեկությունն հաղորդելու տեսագրություն։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Իգդիրում լրտեսության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալված գյուղի վարձկան պահապաններից Թիմուր Ա.-ն հայտնաբերված տեսագրության մեջ Իրանի հատուկ ծառայության աշխատակցին տեղեկություններ է հաղորդում, տրամադրում լուսանկարներ Թուրքիայում զորամասերի դիրքերի, դրանցում գտնվող զինատեսակների եւ այլ մանրամասների մասին։
Թիմուրը Իրանի հատուկ ծառայության աշխատակցին զգուշացնում է, թե իր մասին թուրքական կողմին տեղեկություններ հայտնելու դեպքում իրեն Թուրքիայում մահապատժի կենթարկեն, որին ի պատասխան իրանցին ասում է. «Մենք ստոր չենք։ Մենք իսլամական հանրապետություն ենք»։
Տեսագրության մեջ երեւում են նաեւ PKK-ի կին զինյալներ, ովքեր տեղեկություններ են հաղորդում PKK-ի եւ թուրքական զինված ուժերի դեմ գործողությունների մասին։ Կին զինյալներից մեկը նշում է, թե PKK-ն չի կարող պայքարել մի քանի պետությունների դեմ եւ կարող է դիմակայել միայն թուրքական զինված ուժերի հարձակումներին։




























