Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ սադրիչ քայլ կատարեց` ներում շնորհելով Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված եւ հայրենիքին արտահանձնված ադրբեջանցի զինծառայողին: Այդ մասին գրում է Կարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը:
«2004թ. ազգային հողի վրա կատարված դաժան սպանությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զգացմունքների հեղեղ առաջացրեց: Հայաստանում Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը պետական մասշտաբի իրադարձություն էր: Ադրբեջանի խորհրդարանում ոմանք համարձակվեցին Սաֆարովին հերոս կոչել, սակայն շատ ադրբեջանցիներ ամաչում էին նրա արարքի համար:
Բայց ութ տարի անց իրավիճակն արմատապես փոխվել է, եւ դեռ պետք է պարզենք, թե ինչ հետեւանքներ կլինեն», -գրում է դը Վաալը:
Սաֆարովի արտահանձնման մասին փորձագետը նշում է. «Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն նրան ազատեցին, այլեւ հերոսացրին»:
Այնուհետեւ Թոմաս դը Վաալը հիշեցնում է, որ եւ ԱՄՆ-ի կառավարությունը, եւ Ռուսաստանի ԱԳՆ-ն բացասաբար են արտահայտվել Ադրբեջանի հասցեին, ինչը բնական է: ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւս մտահոգություն հայտնեց` զերծ մնալով Հունգարիայի ուղղակի քննադատությունից:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այն ասես եռում է: Երեւանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, եւ առանց այն էլ պոռթկման եզրին գտնվող Ղարաբաղյան բանակցային գործընթացի միջազգային դիտորդները շունչը պահած սպասում են դեպքերի զարգացման ընթացքին:
Հայաստանի իշխանությունները վաղուց հայտարարում էին, որ դժգոհ են խաղաղ գործընթացի ընթացքից: Հունիսին Երեւանը խիստ տոնով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնից հետաքրքրվեց, թե ինչու է ԱՄՆ-ն այդպես մեղմ արձագանքում հայ ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերին, որոնց պատասխանատուն Բաքուն է:
Այժմ Հայաստանը լրացուցիչ առիթ ունի խաղաղ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու:
Այսպիսով, ադրբեջանական կառավարության գործողությունները ոչ մի կերպ չի կարելի հասարակ սխալ անվանել, եզրակացնում է վերլուծաբանը:
Նա նաեւ նշում է, որ Բաքվում մարդասպանին գրկաբաց ընդունելով Ադրբեջանի կառավարությունը հսկայական վնաս հասցրեց երկրի իմիջին :
«Ցավոք,շահող դիրքերում հայտնվեցին միայն երկու կողմերի արմատական տարրերը: Հայաստանում կոշտ քաղաքականության կողմնակիցները լրացուցիչ անգամ առիթ ստացան ադրբեջանցիներին անվստահելի բարբարոս անվանելու:
Եթե այս մռայլ պատմության մեջ լուսավոր կետ կա, այն է, որ միջազգային հանրությունը, միգուցե, առավել մեծ ուշադրություն դարձնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության սպառնալիքին:
Այդ հակամարտությունը բնավ էլ սառեցված չէ: Բաքվում Սաֆարովի ընդունելությունը հուշում է, որ իրավիճակն ավելի շուտ պատերազմի է հանգում, քան` խաղաղության: Այդ գործընթացը դեռ կարելի է կանգնեցնել, բայց դիվանագիտական ջանքերը հարկավոր է անհապաղ ձեռնարկել», - գրում է Թոմաս դը Վաալը:




























