Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումն ու Ադրբեջանում ներում շնորհելը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա եւ ընդհանրապես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում:

«Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա եւ ընդհանրապես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում եւ այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադբեջանը շարունակում է այդ փորձերը»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր  առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո եւ Ադրբեջանի արձագանքը:  Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից»:

Ըստ Նալբանդյանի, «այն գործելաոճը, որը դրսեւորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով,  նոր եւ նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձեւով ավելացնելով ռազմական բյուջեն՝ չկա որեւէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը»:

«Ամենակարեւորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի եւ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության եւ կայունության համար»,- արձանագերլ է Հայաստանի ԱԳ նախարարը: