Չնայած որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից առաջին հերթին տուժում է Հունգարիայի հայ համայնքը, այն լիովին աջակցում է այդ որոշմանը եւ համարում ստեղծված իրավիճակում միակ ճիշտ քայլը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:
Նրա խոսքով` հունգարական համայնքը խիստ վրդովված է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման կապակցությամբ:
Հարցին, թե հունգարական կառավարությունը ինչպես վերաբերվեց Ադրբեջանի պետական նաթային ֆոնդի հայտարարությանը, որ մտադիր չէ ներդրումներ կատարել Հունգարիայի տնտեսությունում, Հակոբյանը պատասխանեց, թե Ադրբեջանի հայտարարությունները նշանակություն չուոնեն: Նրանք այսօր կարող են նման հայտարարություն անել, իսկ 2-3 ամսից կատարել խոստացած ներդրումները:
Ինչ վերաբերում է արդարության հասնելու համար հայ սփյուռքի քայլերին, Հակոբյանը նշեց, որ ամենակարեւոր ձեռքբերումը կլիներ ԵՄ-ի ճնշման տալ Սաֆարովին հետ վերադարձնելը:
«Հունգարիայի հայ համայնքը լիովին կողմ է Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու Հայաստանի նախագահի որոշմանը», - նշել է Հակոբյանը` ընդգծելով, որ հարաբերությունները վաղ թե ուշ կվերականգնվեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:




























