Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ  սեպտեմբերի 3-ին հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետը: Այս մասին հաղորդում է Հունգարիայի Հանրային հեռուստաընկերությունը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սեպտեմբերի 3-ին հայտնել է, որ Հունգարիան Սաֆարովի արտահանձնամ հարցում գործել է միջազգային չափանիշներին համապատասխան:

Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները եւ իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին: