Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան  կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների հետագա զարագացման համար: Հայաստանի եւ Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ կարեւորել տարբեր բնագավառներում կապերի հաստատումը: «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկությանն Արգենտինան դրականորեն կարձագանքի: Այդ կամքն առկա է եւ մենք պետք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը:   

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առեւտրային պալատի գործունեության ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է  առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինյան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել եւ զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ զբոսաշրջության, գիտության եւ առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝  արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու եւ վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար: