Հումանիզմի նկատառումներով որեւէ մեկը դժվար թե կողմ լինի Ռամիլ Սաֆարովի սպանությանը, բայց, եթե հաշվի ենք առնում, որ տեղի ունեցածը ձեռնոց էր առաջին հերթին Հայաստանի ազգային անվտանգությանը, հետո արժանապատվությանը, հետեւաբար այս կտրվածքով սպառնալիքը չեզոքացնելու համար նման քայլերը, եթե լուծում են խնդիր, դառնում են արդարացված: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, տհաճություն է պատճառում այն հանգամանքը, որ բոլորը օգտագործում են այդ բառը եւ բոլորը սպասում են, որ դա անելու է ուրիշը: «Եթե նրա ֆիզիկական մահը նկատի ունեք, ապա պետք է չթողնվեր, որ նա հասներ Ադրբեջան»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ առաջարկեց ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծը բերել օրակարգ, ինչը ավելի մեծ խնդիր կլուծի: Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ նման հիվանդագին դրսեւորումներ ցույց տվող ադրբեջանական հասարակությունը խնդիր է դառնալու նաեւ հարեւանների համար, հետեւաբար կարծում է, որ այդ խնդրի մասին պետք է շատ խոսել: «Բոլոր միջազգային կազմակերպություններում պետք է ուղղակի այս հարցը դարձվի քննարկման առարկա, որպես տարածաշրջանի համար լրջագույն մարտահրավեր:Այս կտրվածքով Հայաստանի խորհրդարան մեծ անելիքներ ունի: ԵԽԽՎ-ում, ՆԱՏՕ-ում,. ՀԱՊԿ-ում, ԱՊՀ շրաջանակներում եւ այլն»,- առաջարկեց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչպես կձեւակերպեն պահանջը` վերադարձում հունգարական բանտ, թե որեւէ, այլ տեսքով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























