«ԱրմԹեք 2012» համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Սա «ԱրմԹեք»-ի թվով 5-րդ համաժողովն է: Տեղը, ըստ Տ. Դավթյանի, պատահական չի ընտրված՝ Սիլիկոնյան հովիտը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն կենտրոնն է, ինչը թույլ կտա հայաստանյան ՏՏ ոլորտը առավել տեսանելի դարձնել միջազգային խոշոր ընկերությունների եւ հետազոտական կենտրոնների համար: Սթենֆորդի համալսարանը համարվում է Սիլիկոնյան հովտի «սիրտը», որտեղ համաժողով անցկացնելը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, ինքնին պատվաբեր է:

Համաժողովը համատեղ կազմակերպվում է պետության եւ մասնավոր ընկերությունների ջանքերով: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում կազմակերպչական աշխատանքները կապահովի «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը: Կազնմակերպչական աշխատանքներին կմասնակցեն նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը: Պետության ֆինանսական մասնակցությունը, ըստ Տ. Դավթյանի, մոտ 10-15% է:

Համաժողովն ընթանալու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի