Վենետիկի կինոփառատոնը առանց սկանդալի չի մնացել. Ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլին, նրա «Դրախտ. Հավատ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Մարիա Խոֆշտետերի եւ կինոփառատոնի գրասենյակի նկատմամբ հայց է ներկայացվել հավատացյալներին վիրավորելու համար:
«Դրախտ.Հավատ»-ը Զայդլի եռերգության երկրորդ ֆիլմն է` սիրո եւ կնոջ մարմնի մասին: Առաջին մասը` «Դրախտ.Սերը» ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Ինչպես պարզաբանում է ինքը` ռեժիսորը, «Հիսուսի նկատմամբ Աննա-Մարիայի սերը ամեն րոպե աճում է եւ ի վերջո բնականորեն վերածվում է մարմնական սիրո»:
«Ռեժիսոր Ուլրիխ Զայդլը, դերասանուհի Մարիա Խոֆշտետերը, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են այս ֆիլմի ստեղծմանը եւ ցուցադրմանը` մասնավորապես Վենետիկի կինոփառատոնը, սրբապիղծ եւ բաց տեսարաններով խախտել է Իտալական Հանրապետության քրեական օրենսգրքի 403 եւ 404 հոդվածները»,-նշվում է հայցում, որը ներկայացրել է Իտալիայի արմատական կաթոլիկ ասոցիացիաներից մեկի ղեկավար Պիետրո Գվերինին:
Ինչպես պարզաբանում է «Մոսկովսկայա պրավդան», 403 եւ 404 հոդվածներում խոսվում է կրոնական բնույթի վիրավորանքի մասին`«մարդկանց ծաղրի ենթարկելու կամ իրերի չարաշահման ճանապարհով»:
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», «Դրախտի» մրցութային ցուցադրությունից հետո, ծափահարությունները երկար ժամանակ չեն դադարել, Զայդլը եւ նրա դերասանները խոնարհվել են ժյուրիի անդամների առջեւ եւ շնորհակալություն են հայտնել հանդիսատեսին: Մասնավորապես, բուռն ծափողջյունների է արժանացել այն պահը, երբ հերոսուհու ամուսինը, պատերից հանելով խաչը եւ Քրիստոսի պատկերը, կախիչից պոկում է Հռոմի Պապի դիմանկարը:




























