Սերբիայում Հոլոքոսթի հիշատակի միության նախագահ Ալեքսանդր Վելիչը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ` աջակցելով Երեւանի քայլը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք հետեւում ենք Հունգարիայի հետ օրերս դիվանագիտական հարաբերությունների խզման շուրջ ծավալվող զարգացումներին: Հոլոքոսթի հիշատակի միությունը համամիտ է Հայաստանի այդ քայլին, քանի որ հունգարական  քաղաքականությունը լի է կեղծավորությամբ եւ եվրոպական տարբեր երկրների, այդ թվում`Սերբիայի ամբողջականության եւ անվտանգության դեմ ուղղված գաղտնի ծրագրերով: Մեր դեպքում արդարադատության ծաղրը տեղի ունեցավ նախորդ տարի, երբ ցեղասպանության ամենասարսափելի հանցագործներից մեկը`Շանդոր Կեպրիոն, որը 1942թ. հունվարին ռազմական ահավոր հանցանքներ էր գործել, ազատվեց Բուդապեշտի դատարանի որոշմամբ, չնայած նրա դեմ առկա բոլոր ապացույցների: Նա երկու ամիս անց մեռավ իբրեւ ազատ մարդ:

Հունգարիան հայտնի է միջազգային արդարադատությունից շեղվելու փաստերով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դրա կառավարիչ, Հիտլերի մտերիմ դաշնակից Միկլոշ Հորտիի ճակատագիրը լավագույնս մատնանշում է այդ փաստը: 1941թ. ապրիլին Սերբիայի հյուսիսը գրավված էր Հորտիի գլխավորած հունգարական զորքերի կողմից: Սերբատյաց այդ ռասիստն ու հակասեմականը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացավ խուսափել արդարադատությունից: Նրա հանցագործություններից տուժել էին սերբեր, հրեաներ, գնչուներ, ռումիններ, խորվաթներ, սլովեններ, ռուսներ, ուկրաինացիներ եւ հունգարացի բազմաթիվ հակաֆաշիստներ»: