«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ին թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ: Այսօր` սեպտեմբերի 4-ին Գյումրիում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն Գյումրիում սատարում Սամվել Բալասանյանին, այլ ոչ թե սեփական թեկնածուով է ներկայացել:
«Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք եւս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: «Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով»,- ասել է նախագահը եւ հավելել. «Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ եւ եթե որեւէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթեւ ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, եւ հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, եւ կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել»:




























