Մոսկվայի շջանային դատարանը անօրինական է ճանաչել 43-ամյա երգիչ Իգոր Կոնդրատեւի  (ստեղծագործական կեղծանունը` Կոնստանտին Կրեստով) նկատմամբ ավելի վաղ կայացված մեղմ դատավճիռը: Երգչին կասկածում էին մի շարք բռնաբարությունների մեջ, արդյունքում ընդամենը 2 տարի չորս ամիս ժամկետով կալանքի էին դատապարտել:

Այս գործը մեծ արձագանք էր ստացել ռուսական մամուլում եւ հասարակության մեջ: Տուժող Օկսանա Միխալկինայի փաստաբանը կարծում է, որ դատավորը մեղադրյալի հետ գործարքի մեջ էր մտել:

Գործի նյութերից երեւում է, որ Կոնդրատեւի զոհ են դարձել  16 եւ 19 տարեկան աղջիկներ: Նրանցից ավագին` Ալեքսանդրային Իգորը տարել էր Ֆիրսանովկայի իր ամառանոց` բանկային ոլորտում աշխատանք առաջարկելով, այնուհետեւ ոտնձգություններ կատարել: Երկրորդ աղջկան խնդրել էր բռնել մեքենայից փախած պեկինես ցեղատեսակի իր շանը: Երբ աղջիկը փորձել էր շանը հանձնել, երգիչը նրան քաշել էր մեքենայի սրահ եւ բռնաբարել, ընդ որում` մեքենայում մեկ այլ տղամարդ էլ էր եղել:

Ձերբակալությունից անմիջապես հետո կասկածյալը ներկայացել էր իբրեւ ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգնական:

Գործի քննության ընթացքում բռնաբարության այլ դրվագներ էին բացահայտվել: 2010թ. մայիսին` Ալեքսանդրային բռնաբարելու օրը, երգիչը Ժենյա անունով 16-ամյա մեկ այլ աղջկա եւս փորձել էր բռնաբարել, հենց նրա շնորհիվ էլ հանցագործը հայտնվել էր բանտում: Աղջկան հաջողվել էր դուրս պրծնել եւ դիմել ոստիկանություն, գրում է NEWSru.com-ը:

Ռունետում Իգոր Կոնդրատեւը հայտնի է իբրեւ աղբ-երգիչ Կոնստանտին Կրեստով, բլոգերները նրան անվանում են  «աղբանոցի աստղ»:

Լրագրող եւ երաժշտական քննադատ Օթար Քուշանաշվիլին հայտարարել է, որ մի անգամ նույնիսկ ծեծել է երգչին աղջիկներին հետապնդելու համար:

Քննության ընթացքում Կոնդրատեւը ամեն կերպ փորձել է անմեղսունակ ձեւանալ, պնդել է, որ իրեն ոգիներ են շրջապատում, բատում գլուխը պատերին է խփել: Նրան երկու ամսով ուղարկել էին հոգեբուժարան, բայց արդյունքում երգչի հոգեկան վիճակը նորմալ էր ճանաչվել:

Մեղադրյալի հարազատներն էլ կաշառում էին զոհերին` ստիպելով փոխել ցուցմունքները: