Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը ցավում է Հայաստանի եւ Հունգարիայի երկկողմանի հարաբերությունների սրացման կապակցությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը:
«Մենք խորապես ցավում ենք վերջերս Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների սրացման կապակցությամբ: Վստահ ենք, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է ելք դառնան այս դժվար իրավիճակում» ,-ասել է Վոլոշինը:
Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան, որպես ԵԱՀԿ-ի ապագա նախագահող պետություն, կձգտի ազդել կազմակերպության անդամ-երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Վոլոշինը:
«Մենք նաեւ կձեռնարկենք բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասնակցությամբ»,-ավելացրել է նա ` փոխանցում է ՈւՆՆ-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն, այն բանից հետո , երբ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված սպա Ռամիլ Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ Ադրբեջանի նախագահը նրան ներում է շնորհել եւ բարձրացել է կոչումը:




























