Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի այս տարվա նոյեմբերից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով շրջայց կատարեց «ՌԱՕ ՄԱՐՍ» եւ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունների տարածքներում, որտեղ էլ կազմակերպվելու է առաջին ազատ տնտեսական գոտին: Այն ունենալու է 83 հազ. քառ. մետր տարածություն, որից 27 հազ. քառ. մետրը՝ ԵրՄՄՀԳԻ-ում, 56 հազ. քառ. մետրը՝ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ում:
Ազատ գոտու կազմակերպիչն է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը:
«Սիտրոնիքս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ ազատ տնտեսական գոտու նկատմամբ հետաքրքրություն կա ԱՄՆ-ից, Չինաստանից եւ այլ երկրներից: Կազմակերպչական աշխատանքների նպատակով «Սիտրոնիքս Արմենիան» արդեն իսկ ներդրել է 3 մլն դոլար:
«Պետությունն ազատ տնտեսական գոտում տրամադրում է արտոնյալ հնարավորություններ՝ հրաժարվելով հիմնական հարկային եկամուտներից: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ իրենց գործող բիզնեսները կարող են տեղափոխել ազատ տնտեսական գոտիներ: Մենք հետևողական ենք, իսկ այս ամենը արվում է նրա համար, որ ներգրավենք նոր ներդրումներ, նոր ընկերություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք լինելու ենք առավել ճկուն, եթե անհրաժեշտություն լինի, ապա ավելի կխստացնենք ընկերությունների մասնակցության պահանջները»,- ասաց Տ. Դավթյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























