Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռնարկում է եւ կշարունակի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի  փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության կողմից Ազգային Ժողովում  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագիծը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի ճանաչումը  չպետք է ժամանակից շուտ տեղի ունենա եւ խանգարի  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչմանը: Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ ԼՂՀ-ի միակողմանի ճանաչումը կլնին  միջազգային ճանաչման միակ ճանապարհը, ապա Հայաստանը, բնականաբար, կդիմի այդ քայլին»,-պարզաբանել է Շարմազանովը` միաժամանակ կասկած հայտնելով, որ այդ ժամանակը արդեն եկել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր` սեպտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: