Թուրքական Star-ի հայտնի լրագրող Էրգուն Բաբահանին հարկադիր արձակուրդի ուղարկելուց հետո Star թերթի ղեկավարությունը հրաժարվում է նրան աշխատանքի վերադարձնել։
Թուրքական Odatv կայքի փոխանցմամբ՝ Էրգուն Բաբահանին հարկադիր արձակուրդի են ուղարկել մայիսի 15-ից այն բանի համար, որ «Ֆեներբահչե»-«Գալաթասարայ» չեմպիոնության խաղի հետ կապված Tweetter-ում արել էր հետեւյալ գրառումը. «Այս գավաթը թող Ամերիկա գնա»։ Այս գրառումը հասկացվել էր որպես վիրավորանք Գյուլենի կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ, ով ապրում է ԱՄՆ-ում։
Մինչ այդ «ֆեներբահչե» ակումբի ղեկավարները ձերբակալվել էին պայմանավորված խաղերի գործով եւ որոշ լրագրողներ Ֆեթհուլահ Գյուլենին մեղադրեցին «Ֆեներբահչե»-ի դեմ գործեր բացելու մեջ։
Նշվում է, որ Բաբահանը կառավարությանը մոտ կանգնած անձանց հետ բանակցությունների մեջ է՝ կրկին աշխատանքի վերադառնալու համար։
Նշենք, որ Էրգուն Բաբահանը Թուրքիայի այն քիչ լրագրողներից է, ով 1915-ի Հայոց ցեղասպանությունը հենց ցեղասպանություն է որակում՝ մշտապես քննադատելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։
Ամիսներ առաջ նրա հերթական հրապարակման մեջ նշվել է. «Ես էլ եմ պաշտպանում այն տեսակետը, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել։ Իթթիհադական (Երիտթուրքերը-խմբ) ավազակախումբը տեղահանության որոշում է կայացրել եւ Արեւմուտքի աչքից հեռու շրջաններում հարյուրհազարավոր մարդկանց մահվան ուղարկել։ Այդ կոտորածը հերքելը հավասար է ֆաշիզմը պաշտպանելու հետ»։




























